Լրահոս

18.04.2012 16:38


Մի խումբ ուսանողներ. «Արմե՛ն Աշոտյան, դո՛ւրս արի «Ֆեյսբուքից»»

Մի խումբ ուսանողներ. «Արմե՛ն Աշոտյան, դո՛ւրս արի «Ֆեյսբուքից»»

«Հե՛տ բերեք մեր Զոլյանին», «Ազատո՛ւթյուն Բրյուսովին», «Դասադուլ», 
«Արմե՛ն Աշոտյան, իջի՛ր», «Արմե՛ն Աշոտյան, դո՛ւրս արի «Ֆեյսբուքից», «Չկա Զոլյան, չկանք մենք» և նման վանկարկումներով, ինչպես նաև Սուրեն Զոլյանի նկարի պաստառներով մոտ 200-220 ուսանող դասերի ժամին նախ հավաքվել էր Կրթության և գիտության նախարարության շենքի դիմաց:

Բուհի ուսանողներն այս կերպ իրենց բողոքի ձայնն են արտահայտում Արմեն Աշոտյանի երեկվա հրամանի կապակցությամբ՝ լուծարել բուհի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ աշխատանքային պայմանագիրը, և պահանջում են վերականգնել նրան բուհի ռեկտորի պաշտոնում:

Ցուցարար ուսանողները մինչև վաղը ժամը 2-ը վարչապետ Տիգրան Սարգսյանին ժամանակ են տվել, որ վերանայի Արմեն Աշոտյանի հրամանը։ Իսկ եթե վարչապետը ուսանողներին չընդառաջի, բրյուսովցիները խոստանում են հասնել մինչև ՀՀ նախագահական նստավայր և հացադուլի նստել։

Կրթության նախարարին ուսանողները ներքև են կանչել առավել կոպիտ կոչերով՝ «Աշոտյա՛ն, շարժի՛ր նստատեղդ»:

Ուսանողների պահանջին արձագանքել է ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, ով ուսանողների 10-15 հոգանոց խմբին առաջարկել է բարձրանալ վերև՝ Արմեն Աշոտյանի հետ հարցը քննարկելու: Սակայն առաջարկը մերժվել է:

ԿԳ նախարարի մոտ բարձրացած լրագրողների պատվիրակությունն ուսանողներին փոխանցել է, որ Արմեն Աշոտյանը չի իջնի, քանի որ դա անլուրջ է համարում և նրանց է առաջարկում բարձրանալ ու ներկայացնել խնդիրը:

Այս լուրը ուսանողներն ընդունել են «Աշոտյա՛ն, դու նախարար չես» և «ամո՛թ» վանկարկումներով, որից հետո շարժվել են Կառավարության շենքի մոտ:

Ուսանողները պատրաստվում են բողոքի ակցիան շարունակել մինչև աշխատանքային օրվա ավարտը։ 

Այս խորագրի վերջին նյութերը